«Տրամադրվածությունը այնպիսին
է, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, բայց կան ռիսկեր, որոնք պետք է վեր հանել։
Հանրաքվեն հնարավորություն է տալու ժողովրդին իր մոտեցումը ցուցաբերել։ Նման կարևորագույն
հարցեր քննարկելիս շատ կարևոր է, որ լինի հանրային լայն աջակցություն, և եթե իշխանությունը
ցանկանում է գնալ եվրաինտեգրման, ապա պետք
է հանրային լայն աջակցություն»: Այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով
4 կուսակցությունների ու քաղհասարակության կողմից իշխանությանը արված առաջարկին, որ
4 ամսվա ընթացքում ՀՀ-ում անցկացվի հանրաքվե, և ժողովուրդը կողմ կամ դեմ արտահայտվի
ԵՄ-ին Հայաստանի ինտեգրմանը։
Վարդանյանը նշեց, որ հանրաքվեի
նախաձեռնողները պետք է բավարար չափով աշխատանք կատարեն հասարակության հետ ու համոզված
լինեն, որ հասարակությունը ասելու է «այո». «Հակառակ պարագայում, եթե բավարար չափով
ձայներ չհավաքվեն, ապա Հայաստանի սուվերենության թշնամիները, որոնք ցանկանում են հարվածել
Հայաստանին, դա օգտագործելու են մեր դեմ ու ասեն, որ ժողովուրդը չի ցանկանում գնալ
ԵՄ»։
Քաղաքագետի խոսքով՝ հանրաքվեի
արդյունքում ժողովուրդը ԵՄ-ից կարող է ավելի լուրջ աջակցություն ակնկալել, իսկ ԵՄ-ի
շահը այն է, որ մեծանալու է իր տարածքը. «Մեր ԵՄ անդամ դառնալը աշխարհաքաղաքական ու
քաղաքակրթական առումով շահեկան է ԵՄ-ին։ ՀՀ-ն կարող է նաև իր լուման ներդնել տարածաշրջանի
անվտանգության ու տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական կապերի հաստատման առումով»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան